Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հենքը կրթելն է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին տարիներին փորձում է կենտրոնացումը ֆուտբոլից տեղափոխել ինտելեկտուալ միջավայր, գրականություն, արվեստ, և նմանօրինակ գաղափարների ներքո ՀՖՖ–ն տարբեր գործունեություն է ծավալում։
Մեկ տարի առաջ ԲԿՄԱ-ի տնօրեն Գագիկ Աղբալյանը գաղափար իրականացրեց Ավանի ակադեմիայի թիմերից մեկի հետ, որին «բուֆերային» թիմ են կոչում, հաճախակի հանդիպումներ էր անցկացնում, ծառատունկեր կազմակերպում, թատրոն հաճախում, կրակային պատրաստությամբ զբաղվում։ Գագիկ Աղբալյանը պատմում է, որ հանդիպումների ժամանակ առաջարկել է պատանի ֆուտբոլիստներին կարգախոս ունենալ։ Շատ արտասահմանյան թիմեր ունեն իրենց կարգախոսը հանդիպումներից թե՛ առաջ, թե՛ հետո՝ ոգևորելու, սթափեցնելու, հավատ մտցնելու համար, ու մի նման կարգախոս էլ «բուֆերային» թիմը ունեցավ՝ Վիլյամ Սարոյանի «ուր էլ լինես, ասա Հայաստան» խոսքերը։ Անցավ ժամանակ, ու ֆուտբոլիստներից մեկը ցանկացավ, որ մանկապատանեկան հավաքականներից մեկը ևս ունենա իր կարգախոսը։
Մինչև 16 տարեկանների հավաքականը Մալթայի Պաոլա քաղաքում մասնակցում էր ՈՒԵՖԱ–ի Մ-16 Զարգացման մրցաշար 2023-ին: Թիմի կազմում կային նաև«բուֆերային» թիմից ֆուտբոլիստներ։ Հաղթելով 2-1 հաշվով Էստոնիային ու դառնալով մրցաշարի չեմպիոն՝ հայ ֆուտբոլիստները խաղից հետո վանկարկել են այն կարգախոսը, որը ուժ ու հավատ է տվել նրանց՝ «ուր էլ լինես, ասա Հայաստան»։
Ֆուտբոլիստները, ովքեր խաղացել են «բուֆերային» թիմում ու հրավիրվել են նաև ազգային ընտրանի, իրենց հետ «տարել են» կարգախոսը, համակել բոլորին մի նպատակի ու գաղափարի շուրջ, տարածել այն նաև իրենց խաղընկերների շրջանում։ Կարգախոս ունենալը խոսում է այն արժեքի մասին, որը պատանի ֆուտբոլիստների նտրամադրում է հայրենիքի ճանաչմանը, դրա պատիվը բարձր պահելուն, այն արժևորելուն ու սիրելուն։