«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ. «Մեսսին ու Բուսկետսը դեռ առանձնանում են մնացածներից»

Անգլիացի մասնագետ Ֆիլ Նևիլը, ով «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչն է, խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի և կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հնարավոր տրանսֆերների մասին։

«Չեմ ժխտի, որ մենք շահագրգռվածություն ունենք նրանց նկատմամբ։ Մեսսին ու Բուսկետսը դեռ առանձնանում են մնացածներից։ Նրանք երկու հիանալի ֆուտբոլիստներ են, ովքեր կարող են մեծ օգուտ բերել մեր թիմին։ Լիգայի համար սա շրջադարձային կլինի»,- Նևիլի խոսքերն է մեջբերում The Times-ը:

Նշենք, որ Մեսսին այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ում, իսկ Բուսկետսը պաշտպանում է կատալոնական «Բարսելոնայի» գույները։ Ֆուտբոլիստների պայմանագրերը ակումբների հետ հաշվարկված են մինչև այս մրցաշրջանի ավարտը։