Մադրիդի «Ռեալը» կանգնում է «Բարսելոնայի» թիկունքին․ ինչո՞ւ են մյուս ակումբները դեմ

Մադրիդի «Ատլետիկոն» կոչ է անում Լա Լիգայի ակումբներին դիրքորոշում ցուցաբերել «Բարսելոնայի» սկանդալի վերաբերյալ:

Հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը 2016-ից 2018 թվականներին 1,4 միլիոն եվրո է վճարել Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այն ժամանակ եղել է մրցավարական կոմիտեի փոխնախագահը։ Ակումբը պարզաբանել է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյան վարձատրվել է երիտասարդ խաղացողների և մրցավարության մասին զեկույցների համար։ Հետո հայտնի դարձավ, որ «Բարսան» 2003 թվականից 4,7 միլիոն եվրո է փոխանցել Նեգրեյրային։ Ակումբից տրանսֆերները կազմել են նրա ընկերության շրջանառության 95%-ը 2016-ից 2018 թվականներին։

Ինչպես հաղորդում է Relevo-ն, «Ատլետիկոն» ցանկանում է, որ Լա Լիգայի բոլոր թիմերը հանդես գան բողոքի և դատապարտման համատեղ հայտարարությամբ: Նման առաջարկ է արվել իսպանական ֆուտբոլի առաջին և երկրորդ դիվիզիոնների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը։

Դեմ էին երկու ակումբներ՝ Բարսելոնան, որի ներկայացուցիչները անտրամաբանական են համարել իրենց կողմից նման նախաձեռնությանն աջակցելը, և Մադրիդի «Ռեալը»՝ վկայակոչելով ակումբի բարձրագույն ղեկավարության հետ իրավիճակը վերլուծելու անհրաժեշտությունը։

Մնացած ակումբները որոշել էին համաձայնել «Ատլետիկոյի» առաջարկին, սակայն ի վերջո համատեղ հայտարարություն չեղավ։