Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ազատվել իր ֆուտբոլիստից

Ինչպես հայտնում է The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանան, Ազարը և նրա գործակալները մոտ ժամանակներս կհանդիպեն ակումբի ղեկավարության հետ՝ քննարկելու ֆուտբոլիստի ապագան:

Ամենայն հավանականությամբ, բելգիացին այս ամառ կհեռանա ակումբից՝ չնայած նրան, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: Պատճառներից մեկը, թե ինչու է ակումբը ցանկանում բաժանվել Ազարից, նրա բարձր աշխատավարձն է՝ ներառյալ բոնուսները և իմիջային իրավունքներից ստացված եկամուտը, որը կազմում է մոտ 15 միլիոն եվրո։

Ակումբը կարծում է, որ Ազարի կարիերայի շրջադարձային կետը վնասվածքն էր, որը ստացել էր Թոմաս Մյունյեի հետ բախումից 2019 թվականի հոկտեմբերին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղի ժամանակ։

Ըստ Transfermarkt-ի՝ Ազարը «Ռեալում» անցկացրած երեք ու կես մրցաշրջանների ընթացքում ընդհանուր առմամբ 18 վնասվածք է ստացել՝ բաց թողնելով 498 օր և 77 խաղ:

Նախկինում «Չելսիում» անցկացրած 7 մրցաշրջաններում եզրային հարձակվողը վնասվածքների պատճառով բաց է թողել ընդամենը 198 օր։