Նիկո Մելամեդ. «Հայկական ֆուտբոլի մասին շատ տեղեկացված չեմ, բայց գիտեմ որ տարեցտարի զարգացում է ապրում» (VIDEO)

Պորտուգալիայում և Իսպանիայում կատարած EUROTOUR 2022-ի շրջանակում «Պրոֆֆուտբոլը» հյուրընկալվել էր «Էսպանյոլի» մարզաբազա՝ Ciutat Esportiva Dani Jarque:

Կատալոնական ակումբի ղեկավարության հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Սենիկ Կարա-Պողոսյանը հանդիպեց և զրուցեց «Էսպանյոլի» կիսապաշտպան Նիկո Մելամեդի հետ: Նրա ծնողներն արգենտինացիներ են, իսկ Նիկոն լույս աշխարհ է եկել Կատալոնայում, և Իսպանիայի երիտասարդական հավաքականում արդեն մի քանի հանդիպում է անցկացրել:

Նիկո Մելամեդն անցյալում հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Ֆելիպե Ռիբաուդոյի թոռն է: Ֆելիպե Ռիբաուդոն հանդես է եկել «Էստուդիանտեսում», «Վելես Սարսֆիլդում» և «Արխենտինոս Խունիորսում»: Նա Լիբերտադորեսի Գավաթի կրկնակի հաղթող է և եզրափակիչ խաղերից մեկում նույնիսկ խփած գնդակ ունի, ինչպես նաև Ֆելիպե Ռիբաուդոն Միջմայրցամաքային գավաթի հաղթող է:


Նիկո դու «Էսպանյոլի» սան ես, 9 տարի Էսպանյոլի համակարգում ես: Ինչու՞ ընտրեցիր ֆուտբոլն ու ինչու՞ հենց «Էսպանյոլը»:
– Սպորտը մեր ընտանիքում միշտ առկա էր: Իմ պապը հայտնի ֆուտբոլիստ էր, Արգենտինայի չեմպիոն, մեր տանը բոլորն են ֆուտբոլասեր: Ես ևս փոքրուց սկսեցի սիրել ֆուտբոլը: Արդեն 11 տարեկանում ես խաղում էի «Կորնելյա» թիմում, իսկ «Էսպանյոլում» եմ, որովհետև այդ թիմն ինձ առաջինը նկատեց՝ ցանկանալով ինձ տեսնել իր կազմում: Ես սիրով համաձայնեցի հանդես գալ նման հայտնի և հզոր թիմում:


– Ձեր պապը հայտնի ֆուտբոլիստ է եղել՝ Ֆելիպե Ռիբաուդոն: Նա հանդես է եկել «Էստուդիանտեսում», «Վելես Սարսֆիլդում» և «Արխենտինոս Խունիորսում»: Նա Լիբերտադորեսի կրկնակի գավաթակիր է և եզրափակիչ խաղերից մեկում նույնիսկ խփած գնդակ ունի, ինչպես նաև Ֆելիպե Ռիբաուդոն Միջմայրցամաքային գավաթի հաղթող է: Կպատմե՞ս ամենահայտնի պատմությունը, որ գիտես պապիկիդ մասին:

– Ես պապիկիս չեմ տեսել, որովհետև նա այլևս չկար, երբ ես լույս աշխարհ եկա: Բայց մայրս ինձ շատ բան է պատմել: Մայրս պատմել է, որ  Արգենտինայում առաջնությունում պապիկիս լավագույն տարիներն անցել են Էստուդիանտեսի կազմում և նրանց «մկան ծակով անցնողներ են» ասել, որովհետև ասես կախարդական փայտիկներ են ունեցել և կարողացել են անցնել հակառակորդ թիմի պաշտպանությունը: Սա ինձ շատ էր ուրախացնում:


– Մայրդ արգենտինացի, հայրդ արգենտինացի, սակայն դու ծնվել ես Իսպանիայում: Նույնիսկ հանդես ես եկել Իսպանիայի երիտասարդական հավաքականներում: Չես զղջացել, որ ընտրել ես ոչ թե Արգենտինան, այլ՝ Իսպանիան:

– Այո, իմ ընտանիքն Արգենտինայից է, ծնողներս արգենտինացի են, սակայն ես ծնվել եմ Իսպանիայում, լույս աշխարհ եմ եկել Կատալոնիայում: Ֆուտբոլ խաղալ սկսել եմ հենց տեղի թիմերում, ինչի արդյունքում նախ հայտնվեցի «Էսպանյոլում», այնուհետև նաև՝ Իսպանիայի երիտասարդական հավաքականում, իսկ երբ ազգային հավաքականներից ինձ հրավիրեն, ես երկու տարբերակն էլ կդիտարկեմ, իսկ թե ո՞րը կընտրեմ, միայն ժամանակը ցույց կտա:


– 18 տարեկան
ում դու «Էսպանյոլի» կազմում Եվրոպա Լիգայում «Լյուցերնի» հետ խաղում առաջին խաղն անցկացրեցիր «Էսպանյոլի» կազմում և կատալոնական ակումբի պատմության մեջ դարձար առաջին ֆուտբոլիստը, ով լույս աշխարհ է եկել 21-րդ դարում: Ի՞նչ էմոցիաներ ես ունեցել այդ խաղի ժամանակ:
– Մինչ օրս մարմնովս սարսուռ է անցնում, երբ հիշում եմ այդ օրը: Մարզադաշտը լեփլեցուն էր, մեր թիմը հաղթում էր 3-0 հաշվով, և ես պետք է արժանավայել խաղայի, պահեի այն բարձր խաղամակարդակը, որ մեր թիմն էր դրսևորել: Ես 34 րոպե մասնակցեցի խաղին, և դրանք անմոռանալի րոպեներ էին:


– 2021 թվականին «Էսպանյոլը» դուրս մնաց Լա Լիգայից, և տեղափոխվեց Սեգունդա: Երբ թիմը Սեգունդայում էր, կա՞ր մտավախություն, որ «Էսպանյոլը» կարող է նաև երկրորդ տարին մնալ այդ ցածր լիգայում:
– Դժվար տարի էր բոլորիս համար, երբ իջանք երկրորդ լիգա: Ամեն ինչ խորթ էր, որովհետև «Էսպանյոլը» միշտ առաջին լիգայում է եղել: Սեգունդայում անցկացրած 2020/2021 մրցաշրջանի առաջին իսկ խաղերից սկսած թիմը վստահ ուղղություն վերցրեց դեպի Լա Լիգա, որովհետև Սեգունդան այս թիմի համար չէ: «Էսպանյոլը» լավ մրցաշրջան անցկացրեց և արժանիորեն վերադարձավ ուժեղագույնների խումբ:


– «Էսպանյոլի» հիմնական թիմի կազմում դու արդեն 8 գոլ ես խփել: Ո՞րն է ամենահիշարժանը:
– Սեգունդայում իմ խփած իմ առաջին գոլը ամենահիշարժանն էր, որովհետև դա իմ համար առհասարակ առաջին գոլն էր «Էսպանյոլի» կազմում: Հիշատակեմ նաև 2022 թվականին Լա Լիգայում խփածս առաջին գոլը «Օսասունայի» հետ մրցավեճում, որը նույնպես շատ տպավորիչ էր ինձ համար: Այն իսկապես շատ գեղեցիկ ստացվեց, և բացի այդ հայրս ու մայրս մարզադաշտից էին հետևում իմ խաղին:


– Եվ երջին հարցս Նիկո: Ինչ գիտես Հայաստանի, հայկական ֆուտբոլի և հայ ֆուտբոլիստների մասին:

– Գիտեմ որ Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը Խոակին Կապարոսն էր: Նա այստեղ շատ հայտնի մարդ է: Հայկական ֆուտբոլի մասին շատ տեղեկացված չեմ, բայց գիտեմ որ տարեցտարի զարգացում է ապրում՝ ձգտելով դեպի լավագույնը: Ուրախ եմ, որ ձեզ եմ ճանաչում և հուսով եմ, որ հայկական թիմերը շուտով լավագույնների շարքում կլինեն:

«Էսպանյոլի» մարզաբազայում՝ «Ciutat Esportiva Dani Jarque»-ում անցկացրած օրվա մասին տեսանյութը՝ ստորև.