Հենրիխ Մխիթարյան. «Հուսով եմ, որ «Ռոմայի» հետ կհաղթեմ Կոնֆերենցիաների Լիգայում»

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Կոնֆերենցիաների Լիգայի քառորդ եզրափակչի «Բուդե-Գլիմտի» հետ պատասխան խաղից ունեցած ակնկալիքներով և պատասխանել իր ապագայի վերաբերյալ հարցին։ Նորվեգիայում թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է հռոմեացիների պարտությամբ՝ 1։2 հաշվով։

««Բուդե-Գլիմտի» դեմ նախորդ խաղերը հաշվի չեն առնվում: Հիմա մեր մտքերը առաջիկա հանդիպման մասին են։ Մենք պետք է ցույց տանք, որ կարող ենք հաղթել նրանց, քանի որ ուժեղ թիմ ունենք։

Ինչ վերաբերում է պայմանագրին, ապա չեմ ցանկանում խոսել այդ մասին, քանի որ դեռ ժամանակ ունեմ այս հարցը քննարկելու համար։ Ես հուսով եմ, որ «Ռոմայի» հետ կհաղթեմ Կոնֆերենցիաների Լիգայում, բայց նախ մենք ցանկանում ենք հաղթել վաղվա խաղում»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Football Italia-ն: