Ունայ Էմերի. «Մենք պետք է մեծ հարգանք ցուցաբերենք «Բավարիայի» նկատմամբ»

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսվել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։

Առաջին հանդիպմանը «Դեղին սուզանավը» սեփական հարկի տակ հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում՝ ապրիլի 12-ին:

«Մենք պետք է մեծ հարգանք ցուցաբերենք «Բավարիայի» նկատմամբ: Դժվար է լինելու, և մենք պետք է հասկանանք, թե ինչպես պետք է արձագանքենք։ Գիտենք, որ նրանք սովոր են տանը շատ գոլեր խփել, դա նրանց համար սովորական երևույթ է։ Նրանք էլ մեզ են հարգում, բայց միևնույն ժամանակ հասկանում են, որ եթե ցուցադրեն իրենց լավագույն ֆուտբոլը, ապա ֆավորիտներ կլինեն։ Տանը նրանք իրենց վստահ և լավատես են զգում»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։