Ստեֆանո Պիոլին հայտնել է, որ թիմի առաջատարներից մեկը բաց կթողնի միլանյան դերբին

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի մասնակցի Իտալիայի առաջնության 24-րդ տուրի «Ինտերի» հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։

«Մենք մեր տրամադրության տակ չենք ունենա Զլատանին, Տոմորին մեծ աշխատանք է կատարել, կարծում եմ՝ նա կլինի հայտացուցակում, թեև կարող է առաջին րոպեներից խաղադաշտ դուրս չգալ։ Օլիվյե Ժիրուն մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է և նույնպես  պատրաստ է խաղալ։

Ցավում ենք, որ Իբրան խաղադաշտ դուրս չի գա։ Մենք շատ առումներով կատարելագործվել ենք նրա շնորհիվ, բայց հիմա առանց նրա էլ պետք է ցույց տանք մեր ուժեղ կողմը։

Պետք է կամքի ուժ ունենանք, հատկապես դժվար պահերին»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։ Ավելի վաղ նշվում էր, որ Զլատանը մկանային ցավեր ունի: