Պաշտոնական․ Ռաֆայել Վարանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ (VIDEO)

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրեց Ռաֆայել Վարանին: Այս մասին հայտնում են մանկունիացիների մամուլի ծառայությունից:

28-ամյա կենտրոնական պաշտպանը դարձավ Ուլե-Գունար Սուլշերի այս ամառվա երկրորդ խոշոր ձեռքբերումը՝ Ջեյդոն Սանչոյի ժամանումից հետո:

Տրանսֆերի արժեքը չի հրապարակվել։ Հայտնի է, որ Ռաֆայել Վարանի աշխատավարձն անգլիական ակումբում կկազմի տարեկան 12 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Վարանը մադրիդյան ակումբում էր խաղում 2011 թվականից: Մադրիդի «Ռեալի» կազմում նա 4 անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը, 3 անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, ինչպես նաև 3 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և մեկ անգամ՝ Իսպանիայի գավաթակիր:

Ավարտված մրցաշրջանում ֆրանսիացի պաշտպանը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» 41 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։