Կոնֆերենցիաների Լիգա. «Արարատը» տանը պարտվեց «Շլյոնսկին»

Գյումրու «Քաղաքային»  ստադիոնում կայացավ ՈւԵՖԱի Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը: Հաջորդ փուլ դուրս գալու համար պայքարում էին Երևանի «Արարատը» և լեհական «Շլյոնսկը»:

Առաջին խաղակեսն անցավ բուռն պայքարում: «Արարատը» մի քանի գոլային պահեր ունեցավ, սակայն մրցակցի դարպասը գրավել չհաջողվեց:

Հանդիպման 20-րդ րոպեին լեհական թիմի կազմում հաշիվը բացեց կենտրոնական պաշտպան Վոյցեխ Գոլլան:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին «Արարատի» կազմում հաշիվը հավասարեցրեց Մորի Կոնեն, սակայն ընդամենը մեկ րոպե անց հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց իսպանացի հարձակվող Էրիկ Էսպոզիտոն:

70-րդ րոպեին հյուրերն ավելի ամրապնդեցին իրենց առավելությունը: Աչքի ընկավ Ռոբերտ Պիչը: 

Խաղավերջում արարատցիները կրկին խաղի մեջ վերադարձան: Գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Ռազմիկ Հակոբյանը:

Այդուհանդերձ, վերջին րոպեին հյուրերը կարողացան հաշվի մեջ վերականգնել երկու գնդակի առավելությոնը: Իր հաշվին դուբլ գրանցեց Պիչը:

Այսպիսով, «Արարատը» տանը 2:4 հաշվով պարտվեց «Շլյոնսկին»: Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 29-ին Լեհաստանում, Երևանի ժամանակով ժ.22:00-ին: