«Արարատ» – «Շլյոնսկ»․ Ամեն ինչ որոշվելու է խաղադաշտում

Երևանի «Արարատը» շարունակում է պայքարը ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։ Որակավորման առաջին փուլում Վարդան Բիչախչյանի թիմը փայլուն իրեն դրսևորեց։ «Արարատը» ընդհանուր 3։1 հաշվով հաղթեց հունգարական «Ֆեհերվարին»՝ ապացուցելով, որ ֆուտբոլում ֆավորիտները լինում են միայն թղթի վրա։

Որակավորման երկրորդ փուլում «Արարատին» բաժին է հասել լեհական «Շլյոնսկը»։ Ինչպես խաղից առաջ նշեց Վարդան Բիչախչյանը՝  «Շլյոնսկը» և «Ֆեհերվարը» խաղամակարդակով հավասար թիմեր են ու «Արարատին» անչափ դժվար փորձություն է սպասվում։

Առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 22-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում, ժամը 17։00-ին։

«ՇԼՅՈՆՍԿ»

«Շլյոնսկը» հիմնադրվել է 1947 թվականին և իր պատմության ընթացքում մի քանի անգամ անվանափոխվել է։

1977 թվականը պատմական էր ակումբի համար, քանի որ այդ մրցաշրջանում թիմն առաջին անգամ նվաճեց Լեհաստանի առաջնության հաղթողի կոչումը։ Հաջորդ նմամ հաջողությունը գրանցվեց 2011/12 մրցաշրջանում։ Բացի այդ, թիմը նաև երկու անգամ դարձել է Լեհաստանի գավաթակիր և երկու անգամ էլ՝ Սուպերգավաթակիր։

«Վրոցլավ Ստադիոնը»

Այս մարզադաշտում է «Շլյոնսկն» անցկացնում իր տնային խաղերը։ Սա Եվրոպայի ամենագեղեցիկ ստադիոններց է ու եղել է ԵՎՐՈ-2012-ն ընդունող մարզադաշտերից մեկը։ Տեղավորում է 45,105 հանդիսական և այստեղ չափազանց մեծ աջակցություն է ստանում «Շլյոնսկը»։

Իհարկե, դա նաև երկրպագուների շնորհիվ է։ «Շլյոնսկը» հայտնի է նաև իր հավատարիմ երկրպագուներով, որոնք Լեհաստանի ամենահզոր երկրպագուական խմբավորումներից են։ Ակումբի ֆաները շատ հաճախ  իրենց անվանում են «ազնվականներ Վրոցլավից»։

Յացեկ Մագեռան ու նրա թիմը

«Կասեմ, որ «Շլյոնսկը» ուժեղ թիմ է՝ համալրված լավ խաղացողներով։ Գիտեմ նաև, որ թիմը գլխավորում է բավականին փորձառու մարզիչ։ Այդ փաստը, երևի, ամենակարևորն է»,- ահա այսպես է նախախաղային ասուլիսի ժամանակ մրցակցի մասին հակիրճ խոսել Վարդան Բիչախչյանը։

«Շլյոնսկը» իր կազմով նույնիսկ Լեհաստանում գրանդ չի համարվում։ Կան բավականին արագավազ ու բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Ակումբի ամենակարևոր «զենքը» գլխավոր մարզիչ Յացեկ Մագեռան է։ Մարզիչ, որը փորձառու է ու երկար տարիներ աշխատել է Վարշավայի «Լեգիայում»։ Մարզելով թիմը 9 տարի՝ նրա ղեկին անցկացրել է ավելի քան 170 հանդիպում։

Նախախաղային ասուլիսի ժամանակ Մագեռան նշեց, որ շատ լավ է ճանաչում Հայաստանի ու հարևան երկրների կլիմայական պայմաններն ու այդ պատճառով խաղից 2 օր առաջ են ժամանել Գյումրի։ Հասցրել են մարզվել, հարմարվել տեղի եղանակային պայմաններին ու ըստ մարզչի՝ պատրաստվում են հաղթել դիմակայության երկու խաղերում էլ։

Մագեռան լավ թիմ է ստեղծել, որը խաղում է կարգապահ ու գրագետ ֆուտբոլ, սակայն ինչպես նշեց «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը՝ ամեն ինչ կորոշվի խաղադաշտում։

«ԱՐԱՐԱՏ»

«Թիմը լավ է պատրաստվել վաղվա խաղին։ Ալիկ Առաքելյանն ու Խուան Բռավոն նույնպես պատրաստ են հանդիպմանը։ Մենք միշտ փորձում ենք բալանսավորված ֆուտբոլ խաղալ։ Ինչպես գիտեք Կոնֆերենցիաների լիգայում յուրաքանչյուր փուլ բաղկացած է երկու խաղից։ Իմ կարծիքով ամեն ինչ որոշվելու է Լեհաստանում, հետևաբար խաղալու ենք բալասավորված։ Ոչ մի դեպքում առաջին խաղում վա բանկ գնալու պատճառ չեմ տեսնում»

Սա, երևի թե, ամենակարևոր հատվածն էր Վարդան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսի։ Գյումրեցի մասնագետը նշեց, որ թիմն ունի հստակ ծրագիր՝ ինչպես խաղալ ու չեն շեղվելու դրանից։ Ինչ կլինի արդյունքում՝ ցույց կտա միայն խաղը։

«Արարատում» կորուստներ չկան, թիմը վերականգնվել է ու լիովին պատրաստ է խաղին։ Այս ամենը հաստատեց նաև թիմի կիսապաշտպան Կարեն Մուրադյանը։ Սերժ Դեբլեն նույնպես պատրաստ է խաղադաշտում ավելի շատ ժամանակ անցկացնելու, ինչը մեծ օգուտ է թիմի համար։ Մնացած դիրքերում էլ բոլորը կազմ ու պատրաստ են։

«Ֆեհերվարի» դեմ երկրորդ խաղը շատ տպավորիչ էր։ «Արարատը» ոչ միայն հաղթեց, այլ նաև դա արեց գեղեցիկ ոճով՝ հաղթողի մասին ոչ մի կասկած չթողնելով։ «Շլյոնսկի» հետ խաղից առաջ էլ շատ շատերը նշում են, որ եթե թիմը խաղա նույն նվիրվածությամբ ու կարգապահության, ապա երրորդ փուլ դուրս գալը շատ հավանական կարող է լինել։

Վարդան Բիչախչյանը դեռևս Եվրագավաթային որակավորման երկրորդ փուլի արգելքը չի հաղթահարել, սակայն հիմա շատ լավ հնարավորություն է ստեղծվել պատմություն գրելու համար։

«Այդ փաստի առիթով լարվածություն չկա»,- նշել է Բիչախչյանը։ Եվ իսկապես, տեսնելով թե ինչպես էր «Արարատը» պայքարից դուրս թողնում «Ֆեհերվարին», հստակ կարող ենք ասել, որ խաղով «Արարատը» չի զիջի «Շլյոնսկին» և անպայման մինչև վերջին պահը կռիվ է տալու ակումբի պատմության հերթական հիշարժան էջը գրելու համար։

Նյութի աղբյուրը՝ www.fcararat.am