Կարեն Մուրադյան․ «Վաղվա խաղում նույնպես կարևոր է հավատն ու նվիրումը»

Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի կիսապաշտպան Կարեն Մուրադյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» մրցելու է Վրոցլավի «Շլյոնսկի» հետ։

– Կբնութագրե՞ք մրցակցին։
– Կարծում եմ՝ «Շլյոնսկը» շատ լավ թիմ է։ Աշխատում են արագ ֆուտբոլ խաղալ։ Վտանգավոր թիմ է, և մենք պետք է մեր լավագույն խաղ ցուցադրենք, որպեսզի լավ արդյունք գրանցենք։

– «Ֆեհերվարի» հետ խաղում երկրպագուները լավ աջակցություն ցույց տվեցին։ Ի՞նչ կասեք նրանց այս խաղից առաջ։
– Շատ շնորհակալ ենք աջակցության համար։ Մեզ համար շատ կարևոր է նման աջակցությունը։ Հույս ունենք, որ վաղվա խաղին ավելի շատ երկրպագու ներկա կլինի ու ավելի մեծ աջակցություն կցուցաբերեն։

– Ինչը՞ կարող է լինել այս խաղում ձեր հաղթաթուղթը և արդյոք թիմի մոտ հոգնածություն կա։
– Կարծում եմ, որ հոգնածություն չկա, թիմը վերականգնվել է։ Վաղվա խաղում նույնպես կարևոր է հավատն ու նվիրումը մեր կողմից։ Պետք է խաղանք առավելագույնս կարգապահ ու մեր լավ խաղը ցույց տանք և  այդ դեպքում կհասնենք դրական արդյունքի։

– «Ֆեհերվարի» հետ խաղում հենակետային դիրքում խաղում էր Դիմիտրիյե Պոբուլիչը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա խաղն այդ դիրքում և ընդհանուր ձեր համագործակցությունը։
– Պոբուլիչը լավ խաղաց, ինչպես ամբողջ թիմը։ Կարևորը կատարեցինք մեր առջև դրված խնդիրը։

Հիշեցնենք, որ  հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին, Գյումրու Քաղաքային մարզադաշտում։