«Բարսելոնայի» նախկին պաշտպանն ավարտեց ֆուտբոլային կարիերան

Պորտուգալական «Սպորտինգի» պաշտպան Ժերեմի Մատյոն որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան 36 տարեկան հասակում՝ կապված ծնկի ծանր վնասվածքով, տեղեկացնում է լիսաբոնյան ակումբի մամլո ծառայությունը։

«Դժվար է հեռանալ այսպես։ Ես ցանկանում էի ևս մեկ հանդիպում անցկացնել տանը, սակայն ինչ արած, կյանքը շարունակվում է։ Ինձ համար պատիվ էր կրել այս մարզաշապիկը, ինձ հաճելի էր խաղալ ձեզ հետ և վայելել ամեն մի պահը։ Հուսով եմ «Սպորտինգը» կհաղթի մնացած բոլոր հանդիպումներում ու չեմպիոն կհռչակվի», – ասել է Մատյոն իր խաղընկերներին։

Ֆրանսիացի պաշտպանը  «Սպորտինգում» է հանդես գալիս 2017 թվականից։ Նա հայտնի է «Բարսելոնայում» ունեցած մրցելույթներից  (2014-2017 թթ.)։ Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Վալենսիայում», «Թուլուզում» և «Սոշոյում»։ Ֆրանսիայի ազգային հավաքական է հրավիրվել 2011-2016 թվականներին։