«Բարսելոնան» Nike ընկերությունից ֆինանսական լուրջ փոխհատուցում է պահանջում

Կատալոնական «Բարսելոնան» մտահոգ է իր նոր մարզաշապիկների վաճառքի հետ կապված խնդիրներով: Nike-ն օրեր առաջ վաճառքից ետ կանչեց կատալոնական ակումբի նոր մարզաշապիկի ողջ արտադրական բաժինը: Պատճառն արտադրական խոտանն էր: Բանն այն է, որ շապիկները ջրի և քրտինքի ազդեցությանը չեն դիմանում և արագ խամրում են: Մարզաշապիկներն արդեն պետք է վաճառքում լինեին, սակայն այս արտադրական խնդիրը մտահոգության պատճառ է դարձել կատալոնական ակումբում, որը մեծ ֆինանսական կորուստներ կունենա:

Այս առիթով «Բարսելոնան», Ժոզեպ Բարտոմեուի գլխավորությամբ, արդեն իր բողոքն է առաջադրել Nike ընկերությանը և պահանջում է ֆինանսական փոխհատուցում: Բարտոմեուն խնդրել է համապատասխան մասնագետներին գնահատել վնասի չափը, որպեսզի Nike-ին փոխհատուցման հստակ գումար նշվի: Գործը կարող է վիճարկվել անգամ դատարանում, եթե ընկերությունը մերժի փոխհատուցման պահանջը:

Այս ամենի հետ մեկտեղ դեռ Nike-ն էլ հստակ ժամկետներ չի նշում՝ երբ վաճառքի կհանի «Բարսելոնայի» նոր մրցաշրջանի մարզաշապիկները: