Չեմպիոնների Լիգայի գավաթակիր Միլան Բարոշն ավարտում է ֆուտբոլային կարիերան

Չեխական «Բանիկի» հարձակվող Միլան Բարոշը մրցաշրջանի ավարտից հետո կավարտի ֆուտբոլիստի կարիերան:

«Գլուխս դեռ ուզում է շարունակեմ խաղալ, բայց մարմինս ասում է՝ բավակա՛ն է: Առողջության հետ խնդիրներ ունեցել եմ շարունակաբար՝ երկար տարիներ: Մարմինս արդեն այն նույն մակարդակում չի աշխատում, որին ես սովոր եմ եղել ֆուտբոլային կարիերայիս ընթացքում:

Պատճառները հասկանալի են: Տարիները կանգ չեն առնում: Դրան գումարած՝ առողջական խնդիրները: Յուրաքանչյուր մարզումից հետո ես արդեն այնպիսի ցավեր եմ ունենում, որ անհնար է այլևս շարունակել պրոֆեսիոնալ կարիերան»,– հայտարարել է Բարոշը:

38-ամյա չեխհարձակվողը հայտնի է «Լիվերպուլի» կազմում իր ելույթներով, որտեղ նա նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը: Բարոշը Չեխիայի հավաքականի կազմում արժանացել է Եվրո 2004-ի բրոնզե մեդալի և դարձել մրցաշարի լավագույն ռմբարկու: Բարոշը խաղացել է նաև «Ասթոն Վիլայում», «Լիոնում», «Պորտսմութում», «Գալաթասարայում», «Անթալիասփորում», «Մլադա Բոլեսլավում» և «Սլովանում»: