«Զենիթն» իր վետերաններին նոր պայմանագրեր կառաջարկի

Սանկտ-Պետերբուրգի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում նույնպես կմնա հարազատ ակումբում։ 36-ամյա ֆուտբոլիստին առաջարկում են երկարաձգել պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառ, տեղեկացնում է РБ-Спорт-ը։ Հիմնական զրույցն այդ թեմայով արդեն տեղի է ունեցել, պայմանագրի վերջնական տարբերակն Իվանովիչը կստանա մրցաշրջանի վերսկսելուց հետո։

Ավելի վաղ ֆուտբոլիստը տեղեկացրել էր, որ դեմ չէ ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Զենիթում»։ Վերջինս ռուսական ակումբում է հանդես գալիս 2017 թվականից։ Սերբ պաշտպանը ակումբում անցկացրել է 86 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։

«Զենիթի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը տեղեկացրել է նաև, որ ակումբը կերկարաձգի մինչ մրցաշրջանի ավարտը բոլոր այն ֆուտբոլիստների պայմանագրերը, որոնք ավարտվելու են այս ամառ։ Ըստ Transfermarkt-ի հունիսի վերջին ավարտվում է դարպասապահ Միխայիլ Կերժակովի, պաշտպաններ Բրանիսլավ Իվանովիչի և Իգոր Սմոլնիկովի, կիսապաշտպաններ Դալեր Կուզյաևի, Յուրի Ժիրկովի և Օլեգ Շատովի, ինչպես նաև հարձակվող Արտյոմ Ձյուբայի պայմանագրի ժամկետները։