EURO 2020-ը հյուրընկալող քաղաքների ցանկում փոփոխություններ կլինեն

ՈւԵՖԱ-ն հետաձգել է գործադիր կոմիտեի նիստը, քանի որ չի ստացել Լոնդոնի և Ամստերդամի կառավարության կողմից EURO 2020-ի խաղերի պատշաճ անցկացման երաշխիք, տեղեկացնում է The Times-ը։

Ավելի վաղ EURO 2020-ը, որը պետք է տեղի ունենար այս ամառ, կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղափոխվել էր 2021 թվական։ Մրցաշարն անցկացվելու է 12 քաղաքների 12 մարզադաշտերում, որոնցից երկուսը հանդիսանում են Լոնդոնի «Ուեմբլին» և Ամստերդամի «Յոհան Կրուիֆ Արենան»։

«Ուեմբլիում» պետք է 7 խաղ անցկացվի. երեքը խմբային մրցաշարից, մեկը՝ 1/8-րդ եզրափակիչ փուլից, ինչպես նաև կիսաեզրափակիչներն ու եզրափակիչ խաղը։

«Յոհան Կրուիֆ Արենայում» անցկացվելու է խմբային փուլի 3, ինչպես նաև 1/8-րդ եզրափակիչ փուլի մեկ խաղ։

Մնացած քաղաքներն ՈւԵՖԱ-ին երաշխիք արդեն ներկայացրել են։