Սեմյոն Սինյավսկին՝ կարանտինի, կովկասյան խոհանոցի և այլ շատ թեմաների մասին (VIDEO)

«Ուրարտուի» մամուլի ծառայությունը ծավալուն հարցազրույց  է ունեցել Սեմյոն Սինյավսկու հետ։ 26-ամյա հարձակվողը խոսել է ոչ միայն ֆուտբոլի ու վերսկսվող մրցաշրջանի մասին, այլև պատմել թե ինչով է զբաղվել կարանտինում, ինչ խնդիրներ է ունեցել բակի երեխաների հետ, ինչու են տնեցիները դժգոհում նրանից, որն է խինկալի ուտելու ճիշտ ձևը և այսպես շարունակ․

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ, ԽՆԴԻՐՆԵՐ ԲԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ,  ՖԻԹՆԵՍ ՄԱՐԶԻՉ

– Ինչպե՞ս անցկացրիր կարանտինային դադարը։
– Այդ ժամանակահատվածն այդքան էլ վատ չանցկացրի։ Բնականաբար այն լրջորեն տարբերվում էր մեր սովորական կենսակերպից, բայց մենք ամեն օր մարզվում էինք։ Մարզիչները մեզ վիդեո վարժություններ էին ուղարկում, մենք էլ կատարում էինք դրանք։ Յուրաքանչյուր օր օգտակար էր։ Տարբեր վարժություններ էինք անում, թիմի տղաների շրջանում հեռավար ինքնատիպ մրցույթներ անցկացնում։ Զբաղվելու բան կար, այնպես չէր, որ ոչինչ չէինք անում։ Տան միջավայրն էլ բավականին հարմար էր, ինչն իսկապես շատ կարևոր է։

– Բոլորն ասում են, որ ձանձրալի շրջան էր։
– Այո, լինում էին պահեր, երբ ձանձրանում էիր, քանի որ տնից դուրս գալ թույլատրվում էր միայն խիստ անհրաժեշտության դեպքում, թիմային մարզումներ չէինք անցկացվում, զբոսնել չէր կարելի։ Ես ասացի, որ այս շրջանը լրջորեն տարբերվում էր մեր սովորական առօրյայից, բայց չեմ կարող ասել որ ձանձրալի էր, որովհետև միշտ զբաղվելու ինչ-որ բան կար։ Այս ընթացքում հաջողվեց շատ շփվել հարազատների, բարեկամների, ընկերների հետ։ Մարզվում էի, իսկ մնացած ժամանակն էլ անցկացնում էի PlayStation-ի դիմաց, ինչպես հետագայում պարզվեց այդ ժամանակն իզուր չանցավ (ծիծաղում է)։

– Ֆուտբոլիստների մեծամասնությունը ասում էր, որ այս կարանտինը դժվար շրջան էր հատկապես լեգեոներների համար, որովհետև իրենց հարազատ միջավայրում չեն։
– Հայաստանում բնակչության մեծամասնությունը խոսում է ռուսերեն, այնպես որ ես չեմ կարող ասել, որ ինձ անհարմար էի զգում։ Ես իմաստ չտեսա հայրենիք վերադառնալու մեջ։ Եթե գնայի պետք է գնայի Մոսկվա, իսկ այնտեղ իրավիճակն ավելի բարդ է, քան Հայաստանում է։ Այստեղ ինձ հարմար եմ զգում, բոլոր պայմանները կային նույնիսկ կարանտինային ժամանակահատվածում լավ մարզավիճակ պահելու համար։ Տունս բավականին լավն է, հարևանությամբ մեծ խանութ կա, բակում՝ ֆուտբոլի դաշտ, որտեղ ցանկացած վարժություն կարող էի կատարել։ Այնպես որ հեռանալու իմաստ չկար։ Առողջական տեսանկյունից էլ ավելի ապահով էր, որևէ տեղ չէի գնում, քանի որ ամեն ինչ շատ մոտ էր ու շատ հասանելի, իսկ եթե մեկնեի Մոսկվա, ապա ամեն ինչ ավելի բարդ կլիներ։

– Գիտենք, որ մարզավիճակդ պահելու համար մարզվում էիր երեխաների համար նախատեսված խաղահրապարակում, նրանք չէի՞ն բողոքում, որ զբաղեցնում ես նրանց տարածքը։
– Դա առանձին թեմա է, որի մասին կարող եմ զավեշտալի պատմություններ պատմել։ Կային վարժություններ, որոնք համապատասխան տարածք են պահանջում, երբեմն նշածս ֆուտբոլի դաշտի նույնիսկ ամբողջ տարածքը, բնականաբար դա երեխաներին դուր չէր գալիս, նրանց էլ կարելի է հասկանալ։ Նրանք էլ սահմանափակ ժամանակով էին դուրս գալիս տնից, իսկ ես զբաղեցնում էի նրանց տարածքը։ Ասում էի․ «Տղաներ, համբերեք 15 րոպե, ես վարժություններս ավարտեմ ու կհեռանամ», բայց զգում էի, որ դա նրանց սրտով չէր։ Մարզումները կազմակերպելիս անգամ դա էի հաշվարկում, այնպես անեմ, որ երեխաները չլինեն, որպեսզի ոչ ես նրանց խանգարեմ, ոչ էլ նրանք՝ ինձ։ Այդ տղաներն անգամ մրցում էին ինձ հետ։ Ես արագացումներ էի կատարում, իսկ նրանք հեծանիվով փորձում էին առաջ անցնել ինձնից։ Դա ծիծաղելի է, բայց ինչ կարող ենք անել, իրավիճակն էր այդպիսին։

– Բոլորն այս ընթացքում ինչ-որ նոր հետաքրքրություններ ու զբաղմունքներ էին գտնում։ Դո՞ւ ինչ կասես։
– Ինչ-որ բաներ դիտում ու կարդում էի, բայց ինձ համար բացահայտեցի, որ կարող եմ անհատական ֆիթնես մարզիչ լինել։ Կինս միշտ մարզասրահ է այցելում, բայց քանի որ այս շրջանում ամեն ինչ փակ էր, հետևաբար մարզասրահներն էլ փակ էին։ Նա նույնպես պետք է մարզվեր տանը, իսկ ի՞նչ ծրագրով, դա արդեն ես էի որոշում։ Պետք է ասեմ, որ վատ չէր ստացվում։ Կարծում եմ, որ հետագայում կինս այլևս մարզասրահ չի գնա, այլ կհետևի իմ ցուցումներին ու կմարզվի իմ հրահանգներով (ծիծաղում է)։ Անգամ մեր մարզիչների ուղարկած վարժություններից ինչ-որ բաներ հանձնարարում էի կնոջս ու միասին մարզվում։ Այդպես հետաքրքիր էր դառնում նաև նրա առօրյան։ Այո, ես մարզումներ ունեմ, այսինքն զբաղվելու բան կա, իսկ նրա համար իրավիճակն ավելի բարդ էր, բայց այդ կերպ մեր ժամանակը դարձնում էինք ավելի հետաքրքիր։

PLAYSTATION, ԿԻԲԵՐՖՈՒՏԲՈԼ, ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՆԸ

– Այս ընթացքում հայկական ակումբների միջև կիբերֆուտբոլի մրցաշար անցկացվեց ու դու դարձար այդ մրցաշարի հաղթողը։ Ի՞նչ կասես այդ մասին։
– Ասում եմ չէ, կարանտինում ժամանակն անիմաստ չի անցել, կարողացա թիմի համար առաջին տիտղոսը նվաճել (ժպտում է)։ Իսկապես շատ ժամանակ ու նյարդեր եմ ծախսում վիդեոխաղերի վրա։ Լավ է, որ կիբերֆուտբոլի նման մրցաշար անցկացվեց, այն հետաքրքիր էր ու մի փոքր թեթևացրեց այս առանց ֆուտբոլի մթնոլորտը, որը կար։ Ստացվեց այնպես, որ եզրափակչում մրցեցի «Վանը» ներկայացնող Ստանիսլավ Եֆիմովի հետ։ Նրան վաղուց գիտեմ, միասին շատ ենք խաղացել օնլայն։ Իսկապես լավ մրցակիցներ կային, հետաքրքիր էր ուժերը նման առաջնությունում փորձելը։ Հուսով եմ, որ դա այս մրցաշրջանում մեր միակ տիտղոսը չի լինի (ծիծաղում է)։ Շատ խորհրդանշական էր, որ կիսաեզրափակչում առավելության հասա հենց «Նոայի» ներկայացուցչի նկատմամբ։ Իրական ֆուտբոլում՝ գավաթի խաղարկության կիսաեզրափակչում էլ խաղում ենք այդ թիմի հետ։ Ես հաղթեցի 2-1 հաշվով, եթե պատասխան խաղում էլ կարողանանք այդ հաշվով հաղթել, ապա դուրս կգանք եզրափակիչ։

– Ի՞նչ կասես PlayStation-ի քո մոլուցքի մասին։
– Նորմալ չէ, երբ 26 տարեկանում դու վիդեոխաղերի մոլուցք ունես (ծիծաղում է)։ Դա ճիշտ չէ, բայց ես իսկապես սիրում եմ վիդեոխաղեր խաղալ։ Խաղերից ու պարապմունքներից հետո այն անչափ հաճելի զբաղմունք է։ Այո, կարող եմ հիմա PlayStation չխաղալ ու դուրս գալ զբոսնելու, այժմ արդեն մոլերն էլ բաց են, բայց դա վտանգավոր է, վարակվելու ռիսկ կա, իսկ տանը մնալն ու PlayStation խաղալն անվտանգ է։ Բայց այնպես չէ, որ ամբողջ օրը գամված եմ հեռուստացույցի առաջ ու անդադար խաղում եմ։ Օրական մեկ ժամից ոչ ավելի, շատ խաղում եմ միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև հետաքրքիր մրցաշարար են անցկացվում օնլայն ձևաչափով։ Այդ օրերին մարդիկ, որոնք ապրում են ինձ հետ դժգոհ են լինում, որովհետև հեռուստացույցը միշտ զբաղված է։

– Իսկ վիդեոխաղերից միայն “FIFA” ես խաղում։
– Ամեն ինչ։ “Call of Duty”, ի դեպ երեկ պետք է օնլայն խաղայի Խուան Ասոկարի հետ, բայց չգիտեմ թե ինչու չկարողացանք միասին խաղալ, նաև սիրում եմ ավտոմրցաշարեր։

ԱՆՏԱՆԵԼԻ ՇՈԳ, ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ, ԵՎԳԵՆԻ ԿՈԲԶԱՐ

– Արդեն 1 տարի է Հայաստանում ես, ի՞նչն ամենից շատ զարմացրեց քեզ այս երկրում ու հայկական ֆուտբոլում։
– Չեմ կարող ասել, որ ինչ-որ բան ինձ զարմացրեց։ Ֆուտբոլը գրեթե ամենուրեք ինչ-որ առանձհատկություններ ունի, բայց հիմնականում միանման է։ Ճիշտ է, ես չեմ խաղացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, բայց Հայաստանի առաջնությունը շատ նման է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգային։ Այստեղ ֆուտբոլը բավականին լավ մակարդակի վրա է։ Կան լավ թիմեր, լավ ֆուտբոլիստներ։ Երևանի «Արարատում» կան տղաներ, որոնք Ռուսաստանի Պրեմիեր լիգան են հաղթել, բարձր մակարդակի ֆուտբոլիստներ կան բոլոր թիմերում։ Ինչ վերաբերվում է Հայաստանին ու Երևանին, ապա նախքան գալը ես ինչ-որ թյուր սպասելիքներ չեմ ունեցել։ Ես գիտեի, որ այն լավ երկիր է, որևէ վատ բանի այստեղ դեռ չեմ առնչվել։ Հատկապես հետաքրքիր էր նախորդ տարի, երբ կարանտին չկար, իսկ հավաքականի խաղերով պայմանավորված երկար դադարներ էին լինում։ Այդ ժամանակը Հայաստանը բացահայտելու հնարավորություն էր ընձեռնվում։ Եղել եմ Գառնիում, Գեղարդում, տեսել եմ Ամբերդ ամրոցը։ Այստեղ միշտ նայելու բան կա, ամեն ինչ շատ գեղեցիկ է։ Ամեն ինչ նաև շատ համեղ է։ Մայիսի կեսերն է ու մենք արդեն երկու շաբաթ է ելակ ենք ուտում, որն իսկապես բավականին քաղցր է։ Հայաստանի միակ բացասական կողմն անտանելի շոգ եղանակն է։

– Սիրած վայրեր ունե՞ս։
– Մենք ապրում ենք Երևանի կենտրոնում։ Զբոսնելու համար շատ հարմար է Հյուսիսային պողոտան, ռեստորաններից սիրում եմ «Լավաշը»։ Այնտեղ կովկասյան խոհանոցի կերակուրները շատ համեղ են պատրաստում։

– Ո՞րն է քո ամենասիրելի հայկական ուտեստը։
– Իմ ամենասիրելի կերակուրը հայկական չէ, այլ վրացական՝ խինկալի։ Եթե անկեղծ հայկական խոհանոցին այդքան էլ ծանոթ չեմ, միայն տոլմա եմ փորձել։ Բայց խինկալի շատ եմ սիրում, այստեղ այն համեղ են պատրաստում։ Գիտեմ, որ այդ կերակուրն ուտելու հատուկ արարողակարգ ունի, պետք է վերցնել ձեռքով, խմորի վերին հատվածը չուտել։ Ես այդ ամենին ծանոթացել են շատ վաղ տարիքում, երբ դեռ «Լոկոմոտիվում» էի, ի դեպ Եվգենի Կոբզարն էլ այդ ժամանակ այնտեղ էր։ Թիմում ունեինք վրացիներ, նրանց հետ հաճախ էինք գնում խինկալի ուտելու, նրանք էլ ինձ սովորեցրել են, թե որն է խինկալի ուտելու ճիշտ ձևը։

– Երիտասարդական թիմում խաղացել ես Եվգենի Կոբզարի հետ, կարո՞ղ ենք ասել, որ ձեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի։
– «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմում մենք այդքան էլ շատ չենք խաղացել միասին։ Բայց իրար դեմ շատ ենք խաղացել պատանեկան առաջնություններում։ Ես «Լոկոմոտիվում» էի, իսկ նա՝ ԲԿՄԱ-ում։ Մեր թիմերն անմիջական մրցակիցներ էին ու պայքարում էին չեմպիոնության համար։ Կոբզարն այդ ժամանակ գրեթե միշտ խաղում էր, իսկ ես քիչ խաղաժամանակ էի ստանում։ Կոբզարը ԲԿՄԱ-ի կազմում այդքան խաղաց ու պայքարեց չեմպիոնության համար, իսկ ես՝ «Լոկոմոտիվի» հետ հաղթեցի այն, խաղադաշտում շատ քիչ ժամանակ անցկացնելով (ծիծաղում է)։

ՈՒԺԵՂԱՑՈՂ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ, ԸՆՁԵՌՆՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

– Խոսենք ֆուտբոլից, Հայաստանի առաջնության մասին ի՞նչ կասես։ Դժվա՞ր առաջնություն է։
– Կարծում եմ, որ գնալով այն ավելի ուժեղ առաջնություն է դառնում։ Իսկապես յուրաքանչյուր թիմում կան ֆուտբոլային մեծ ճանապարհ անցած տղաներ։ Տեսեք, «Փյունիկում» խաղում է Արաս Օզբիլիսը, որը վերջին ժամանակներում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում տոն տվող ֆուտբոլիստներից էր։ Առաջնությունը միանշանակ ուժեղանում է։ Ճիշտ է, այն չես կարող համեմատել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հետ, որովհետև այնտեղ թիմերի բյուջեներն ուրիշ են և նպատկներն էլ այլ մակարդակի են, բայց տեսեք հավաքի ընթացքում մենք ոչ-ոքի խաղացինք «Ուֆա»-ի հետ ու ամենևին վատ տեսք չունեինք այդ խաղում։ Անգամ երբ «Արմավիրի» կազմում ժամանում էինք Հայաստան ու ընկերական խաղեր անցկացվում տեղի թիմերի հետ, միշտ դժվար էր լինում։ Առաջնությունում էլ հեշտ խաղեր չեն լինում։ Կարծում եմ, որ տարին տարվա վրա առաջնությունն ավելի կուժեղանա։

– Ամեն դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ «Ուրարտուն» չհայտնվեց լավագույն վեցնյակում։
– Մենք շատ վատ սկսեցինք մրցաշրջանը, այդ հարցում երկու կարծիք լինել չի կարող։ Կարծում եմ, որ հենց դա էլ իր ազդեցությունը թողեց։ Չեմ կարող ասել, որ դա էր խնդիրը, որ մենք չկարողացանք մտնել լավագույն վեցնյակ։ Բայց Եվրոպա լիգայի խաղերում կրած պարտությունից հետո թիմի մոտ կարծես սև շարք սկսվեց։ Այո, այդ շարքից խուսափելու հնարավորություն կար, բայց մենք իսկապես շատ միավորներ էինք կորցրել մեկնարկում։ Այնպես չէր, որ մենք թույլ էինք։ Տեսեք, Հայաստանի չեմպիոնը «Արարատ-Արմենիան» է, մենք նրանց հետ երկու անգամ խաղացել ենք, երկու խաղն էլ ավարտվել է ոչ-ոքի, չնայած որ այդ երկու դեպքում էլ մենք հաղթելու իրական հնարավորություն ունեինք: Մեր հարկի տակ կայացած խաղում մենք հաշվի մեջ առջևում էինք, նրանք միայն 86-րդ րոպեին կարողացան գոլ խփել ու հավասարեցնել հաշիվը։ Ուղղակի նորից եմ ասում, որ այս առաջնությունն անկանխատեսելի է։ Երբ գալիս էի Հայաստան սկզբում մտածում էի, որ ամենաուժեղ թիմերը «Արարատ-Արմենիան», «Փյունիկն» ու «Ալաշկերտն» են, բայց ի՞նչ ստացվեց։ Մրցաշարային աղյուսակը երկար ժամանակ գլխավորում էր «Լոռին», իսկ օրինակ «Նոան» բավականին համոզիչ հաղթանակներ էր տոնում։ Ստեղծված իրավիճակի համար մենք ինքներս ենք մեղավոր, բայց ինձ ուրախացնում է այն, որ առաջնությունում անհաջող ելույթներից հետո մենք կարողացանք կերպարանափոխվել ու հաջող հանդես գալ գավաթի խաղարկությունում։ Կարողացանք որպես թիմ հավաքվել, միավորվել ու հաղթանակներ տոնել։ Գավաթի խաղարկության շրջանակում մենք հաղթեցինք «Փյունիկին», այնուհետև «Լոռիին»՝ մրցակցի հարկի տակ, որտեղ բոլորն էլ գիտեն, որ խաղալն անչափ բարդ է։ Հիմա մենք կիսաեզրափակչում ենք։ Առաջին խաղում պարտվել ենք սեփական հարկի տակ 0-1 հաշվով, բայց դեռ պատասխան խաղ կա։ Անելու ենք հնարավոր ամեն բան եզրափակիչ դուրս գալու համար։ Կարծում եմ, որ թիմում բոլորն էլ դա հասկանում են։

– Հետաքրքիր վիճակագրություն կա։ Վերջին անգամ, երբ «Ուրարտուն» հաղթեց Հայաստանի գավաթը։ Թիմը կիսաեզրափակչում 0-1 հաշվով պարտվեց «Ալաշկերտին», իսկ նույն «Նաիրի» մարզադաշտում, որտեղ հիմա իր տնային հանդիպումներ է անցկացնում «Նոան» 2-1 հաշվով առավելության հասավ ու դուրս եկավ եզրափակիչ, հետագայում նվաճելով գավաթը։
– Ես վիճակագրությանը չեմ հավատում, ես հավատում եմ մեր թիմին, հավատում եմ, որ մենք իզորու ենք փոխել դիմակայության ելքը։ Այն անիրատեսական չէ, տեսեք համաշխարհային մակարդում թիմերն ինչ քամբեքեր են ձևակերպում։ Սա ֆուտբոլ է, առաջին խաղում վատ ենք խաղացել ու պարտվել ենք, բայց կա պատասխան խաղ, ուրեմն կա հնարավորություն։ Ես հավատում, որ մեր թիմն ի զորու է հաջողության հասնել։