Հանրահայտ «Սան-Սիրո» մարզադաշտը կվերացնեն երկրի երեսից

Իտալիայի Մշակութային ժառանգության վերահսկողության խորհրդի հանձնաժողովը որոշում է կայացրել քանդել «Սան-Սիրոն»: Եզրակացությունում գրված է, որ «…մարզադաշտը չի հանդիսանում պատմամշակութային արժեք Միլանի համար»: Այս մասին տեղեկացնում է La Repubblica-ն:

Հանձնաժողովն իր այս որոշումը հիմնավորել է նրանով, որ 1990 թվականի Աշխարհի առաջնության համար արված կոնստրուկտիվ փոփոխություններից հետո մարզադաշտը շատ քիչ բան է պահպանել իր սկզբնական տեսքից, որը կառուցվել է 1925 թվականին և ընդլայնվել՝ 1930 թվականին: Հանձնաժողովը վճռել է, որ պարբերաբար վերակառուցվող օբյեկտը չի կարող պատմամշակութային ժառանգություն համարվել:

Հիմա «Սան-Սիրոն» կարող են քանդել, որպեսզի «Միլանի» և «Ինտերի» համար նոր մարզադաշտ կառուցեն: Նշենք, որ Միլանի քաղաքային խորհուրդը ցանկանում է պահպանել «Սան-Սիրոն»: