Ուղիղ 16 տարի առաջ Քրիշտիանու Ռոնալդուն նվաճեց իր կարիերայի առաջին լուրջ գավաթը (VIDEO)

Ուղիղ 16 տարի առաջ այս օրը՝ 2004 թվականի մայիսի 22-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Գավաթի խաղարկության եզրափակիչում հաղթանակ տոնեց՝ 3-0 հաշվով առավելության հասնելով «Միլլուոլի» նկատմամբ, որը ներկայացնում էր անգլիական Չեմփիոնշիփը։

Հանդիպումը տեղի ունեցավ Կարդիֆի «Միլենիում Սթեդիում» մարզադաշտում։ Քրիշտիանու Ռոնալդուն ընդգրկված լինելով «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում, առաջին խաղակեսի վերջում բացեց խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում Ռուդ վան Նիստելռոյը ևս երկու գոլ հեղինակեց և խոշոր 3։0 հաշվով հաղթանակ ապահովեց «Մանչեսթեր Յունայթեդի» համար։

Այսպիսով՝ Ռոնալդուն նվաճեց իր առաջին լուրջ տիտղոսը մեծ ֆուտբոլում։ «Սպորտինգում» հանդես եկած ժամանակահատվածում Ռոնալդուին հաջողվել է դառնալ Պորտուգալիայի սուպերգավաթակիր, սակայն այդ հանդիպմանը Քրիշտիանուն նույնիսկ չի մասնակցել՝ մնալով պահեստայինների նստարանին։

Ընդհանուր առմամբ Ռոնալդուն, ակումբների և հավաքականի հետ, 29 թիմային տիտղոս ունի (ներառյալ` Պորտուգալիայի Սուպերգավաթը)։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նա 9 գավաթի է տիրացել։

Ներկայացնում ենք Անգլիայի գավաթի 2004 թվականի խաղարկության եզրափակիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Միլլուոլ», եզրափակիչ խաղի մասին պատմող տեսանյութ.