Մահացել է «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչը

 

Այսօր մահացել է իտալական «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Լուիջի Սիմոնին:

«Ջիջի Սիմոնին այսօր մեզ հրաժեշտ տվեց։ Ցտեսություն Ջիջի, մենք կկարոտենք քեզ», – նշվում է «Ինտերի» պաշտոնական հաղորդագրությունում։

Լուիջի Սիմոնին ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Մանտովայում», «Նապոլիում», «Տորինոյում», «Յուվենտուսում», «Բրեշիայում» և «Ջենոայում»: 1962 թվականին Սիմոնին «Նապոլիի» հետ նվաճել է Իտալիայի գավաթը։

Հետագայում անցնելով մարզչական գործունեության, իտալացի մասնագետը մարզել է ավելի քան երկու տասնյակ թիմեր, այդ թվում նաև՝ «Լացիոն», «Ջենոան», «Նապոլին», «Տորինոն» և «Ինտերը», որի հետ 1998 թվականին դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիր:

«Նապոլին», «Ջենոան» և մյուս թիմերը նույնպես ցավակցել են Սիմոնիի ընտանիքին։

Լուիջի Սիմոնին՝ 81 տարեկան էր։